Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ դասընթաց. էսսե. Գոհար Մկրտչյան. «Անցյալը չի մոռացվել»

 Հայ ազգը դարեր շարունակ տառապել է թուրքական բռնատիրության լուծի տակ՝ կրելով կրոնական, քաղաքական, ազգային, բարոյական հալածանքներ: Նա հալածվել է միայն նրա համար, որ հայ է, քրիստոնյա: Թուրք բորենու նենգ քաղաքականությունը իր գագաթնակետին է հասել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ օգտվելով խառն ժամանակներից, իրագործվեց մեծագույն ոճիրը մարդկության հանդեպ. մի ամբողջ ազգ կոտորվեց, զրկվեց հայրենի հողից, սփռվեց աշխարհով մեկ, ձուլվեց, կրոնափոխ եղավ և դադարեց իր գոյությունը որպես հայ: Բայց նրանցից որոշները ողջ էին մնացել ապացուցելու և կենդանի վկան լինելու այն ոճրագործության, որը մինչ օրս ստորաբար մերժում են թուրքերը և չեն ընդունում շատ երկրներ: Աշխարհի տերությունները խուլ էին հայերի աղերսներին: Այդ ձայնը հավերժ կգոչի, կաղաղակի : Նրան անհնար է լռեցնել արհամարհանքով, անտարբերությամբ և առավել ևս այն ստով, որը ստեղծել է ստոր ոճրագործը և ցանկանում է ապացուցել դա աշխհարին, ինքն իրեն: Ցեղասպանությունը հանցանք է, որը չի կարող ներվել, մոռացվել: Ժամանակը թվում է ամենազոր, բայց ոչ այս դեպքում: Այն միայն ավելի է սրում իրավիճակը, ավելի ու ավելի բարձր է հնչում ցասման, զայրույթի կանչը: Մենք՝ հայերս, պետք է պահանջենք, պետք է հիշենք, չուրանանք մեր անցյալը, քանզի չկա ապագա այն ժողովրդի համար, որը մոռացության է մատնում իր նահատակներին, անմեղ մանուկներին, որոնցից շատերը այդպես էլ չծնվեցին: Հանուն անմահ մահացածների, հանուն արդար դատաստանի, հանուն այն հայրենասիրական ոգու, որն ապրում է մեզանից յուրաքանչյուրի մեջ, մենք պետք է պայքարենք և երբեք չհանձնվենք: Հայ ազգը պարտավոր է և պետք է ետ վերադարձնի այն հողերը, որ խլվել են, հակառակորդը պետք է փոխհատուցի այն բոլոր ահռելի վնասները, վիրավորանքները, որ հասցրել է հայ ժողովրդին:
Թշնամին ծրագրել էր իր ամեն մի քայլը դեռ շատ վաղուց: Նա ընդամենը սպասում էր հարմար առիթի այն իրագործելու համար: Դա ապացուցված է և նույնիսկ թուրք պարագլուխներն են իրենց ծրագրերի պլանավորված լինելու մասին խոստովանել:
Այսօր հայերի շրջանում նկատվում է ազգային ինքնագիտակցության զարթոնք: Հայերը համախմբվել են և իրենց ջանքերն ուղղել Ցեղասպանության ճանաչման խնդրի լուծմանը: Ցեղասպանությունը հանցագործություն է ընդդեմ մարդկության և այն չընդունելը անպատժելիության վատ օրինակ կարող է ծառայել ապագա սերունդների համար: Հայ ազգը ունի նաև արդարացի պահանջներ: Նա զրկվել է իր ժողովրդի մի մասից, պատմական տարածքներից, որտեղ դարեր շարունակ ապրել է մեր ազգը, կրել է նաև տնտեսական կորուստներ, հոգեբանական մակարդակում կրել փոփոխություններ: Իրականում նրա զոհերն անհնար է ամբողջովին փոխհատուցել, սակայն դա չի նշանակում, թե լռելու իրավունք ունենք: Օրինակ վերցնելով միջազգային պրակտիկայում մեկ այլ ցեղասպանության ընդունման փորձից, մենք պարտավոր ենք պահանջել փոխհատուցում: Այն չի կարողանա երբեք սպիացնել հայի վերքը, սակայն դա մեր արդարացի իրավունքն է: Համաշխարհային հասարակության կողմից այս հարցի վրա աչք փակելը կնշանակի հաշվի չնստել մեր ժողովրդի հետ: Դա կարող է բերել նույնիսկ անպաշտպանության զգացման և ապագայի հանդեպ անվստահության առաջացման:
Ցանկացած հայի սրբազան պարտքն է` երբեք չմոռանալ անցյալը, չուրանալ պատմությունը, պաշտպանել սեփական իրավունքները հենց մեր իսկ ուժերով: Անցյալը փոխել անհնարին է, սակայն պետք է հիշել, որ ապագան մեր ձեռքում է, այն մենք պետք է կերտենք մեր ձեռքերով: Այլևս երբեք թույլ չենք տա, որպեսզի ոտնահարվեն մեր իրավունքները, մեր ապագան շահարկեն քաղաքական նկատառումներով և կարծեն, որ կարող են հոշոտել: Պետք է պահանջենք, բայց դրա հետ մեկտեղ պետք է դառնանք ազգ, որի հետ հաշվի կնստեն աշխարհի մեծ տերությունները: Անցյալն ընդունելով զարգացնենք մեր երկիրը, որպեսզի նախնիները հպարտանան իրենց հետնորդներով, որպեսզի չամաչենք նրանցից և լինենք մեր նախնայաց արժանի ժողովուրդ` դառնալով մեր ճակատագրի տերը:

Գոհար Մկրտչյան