Ինչպես վերականգնել հայկական ավանդական հագուստը (տարազ) և ինչպես այն դարձնել նորաձև



Հոկտեմբեր 13-ին կայացավ «Ազգային հարստություն» դասընթացաշարի չորրորդ փուլի առաջին հանդիպումը: Բանախոսն էր Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը, ով ներկայացրեց «Ինչպես վերականգնել հայկական ավանդական հագուստը (տարազ) և ինչպես այն դարձնել նորաձև» թեման:
 Լիլիթ Մելիքյանը իր խոսքում մասնավորապես ընդգծեց, թե ինչո՞ւ է Տերյան կենտրոնը կրկնօրինակում հին հայկական տարազները և հաճախ փոփոխում դրանք՝ դարձնելով նորաձև: Պատճառներից մեկը վերջինիս կիրառելի դարձնելն է արդի իրականության մեջ: Քանի որ տարազը հանդիսանում է մեր՝ հայերիս մշակույթի կարևոր և անբաժանելի մասը, հետևապես դա ևս մի միջոց է մեր ինքնությունը պահպանելու և բոլորին հայտնի դարձնելու համար:
Բանախոսության ընթացքում ուշադրություն հատկացվեց հատկապես տարազի վրա ասեղնագործության և ժանյակի առկայությանը: Լիլիթ Մելիքյանը նշեց.
-Մի փոքր ուսումնասիրելուց հետո կտեսնեք, որ ասեղնագործության տեսակները բազմազան են, և բոլոր ազգերը դարերի ընթացքում դրանք  կրկնօրինակել են հայերից, սակայն կան տեսակներ, որոնք մնացել են մերը և չեն օտարվել: Տարազների վրայից կարելի է կրել այն ավելի գեղեցկացնող  ասեղնագործ իրեր, կտորներ, որոնց վրա գերակշռում է կենաց ծառի պատկերը՝ որպես սիմվոլ: Հայկական տարազների վրա շատ կհանդիպենք կապույտ ուլունքներ, և դա պատահական չէ, քանի որ առաջներում էլ հայկական հագուստները զարդարում էին աչքի ուլունքներով:
Բանախոսության ընթացքում խոսվեց նաև հագուստի նկատմամբ, հայկական տարբեր քաղաքներում, մոտեցման տարբերության մասին:  Օրինակ՝ Վասպուրականում և Սասունում տղամարդիկ կրել են զարդարված հագուստներ, և հաճախ իրենք էլ եղել են հագուստ կարողը, ինչը չենք կարող ասել այլ շրջանների մասին: Փոխարենը ընգծվեց վանեցիների «ժլատությունը» ոչ թե ուրիշ ոլորտում, այլ հատկապես մշակույթի, քանի որ նրանք եղել են մշակութապես շատ զարգացած, ունեցել են հետաքրքիր մշակույթ և դժվար են կիսվել իրենց գիտելիքներով: Արցախյան տարազի մասին, նշվեց, որ վերջինիս վրա առկա էր սակավ ասեղնագործություն, սակայն շատ էին մետաղյա մասերը:
Տարազներն ուսումնասիրելիս առանձնապես առանձնանում են գյուղական տարազները, որոնք ընդգծվում են իրենց վրա գոգնոցի պարտադիր առկայությամբ: Հետաքրքրական փաստ է նաև կանանց գլխարկների վրա առկա մետաղյա իրերը, որոնք ոսկուց էին՝ համարվում էին կապիտալ և այն ժամանակ արտահայտում էին կնոջ սոցիալական կարգավիճակը: Գլխարկի մետաղներն անձեռնամխելի էին և չէր թույլատրվում կնոջ կողմից դրանց վաճառքը: Միայն մեկ դեպքն էր բացառություն կազմում, երբ իր երեխայի առողջությանը կամ կյանքին վտանգ էր սպառնում: Այդ դեպքում նա կարող էր հանել գլխարկի վրայից մետաղները և վաճառել՝ երեխային փրկելու համար:
Շատ հետաքրքիր էր պարզել մեր ինքնության մասը կազմող հագուստի՝ տարազի պատմությունն ու բնույթը, և այն արդիականացնելու գաղափարները: