
Հոկտեմբերի 27-ին կայացավ «Ազգային հարստություն» դասընթացաշարի չորրորդ փուլի հերթական հանդիպումը: Բանախոսն էր «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով ներկայացրեց «Ազգային պարը ազգային ինքնության հիմնաքար» թեման:
Այս հանդիպումը ավելի շատ նման էր երկխոսության քան բանախոսության: Խոսք գնաց ոչ միայն ազգային պարի, այլ նաև ընդհանուր հայկական մշակույթի նշանակության մասին: Բանախոսը և մասնակիցները քննարկեցին ներկայիս մշակութային խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Գագիկ Գինոսյանը նշեց:
Շատ բարդ է հասկանալ, որ մշակույթը կարևոր օղակ է և սովորական մարդկանց ապացուցել մշակույթի կարևորությունը: Մեր մշակույթը ձևավորում է մեր ազգային տեսակը: Այն անընդհատ կատարելագործվելու և հղկվելու կարիք ունի: Պետք է ամենալավը դուրս հանել և փոխանցել հաջորդ սերունդներին:
Ինչ վերաբերում է պարին և դրա նշանակությանը, բանախոսը նշեց, որ պարը լավագույն մարմնամարզությունն է: Պարը պետք է իմաստ ունենա, սակայն շատ քչերին է հետաքրքրում նրա նշանակությունը: Պարով կարելի է ճանաչել մարդուն: Պարը միակն է մշակույթի մեջ, որ զարգանում է և՛ ժամանակի, և՛ տարածության մեջ:
Ազգային պարի մասին նշվեց, որ ավելի քան 15 հայկական պարի տեսակ կա (աշխատանքի, ռազմական, սգո և այլն): Հայ ազգային պարի առանձնահատկություններից է դեպի աջ և դեպի վեր պարելը. համարյա թե բոլոր ազգային պարերի հիմքում սա է ընկած: Պարոն Գինոսյանը նաև ցույց տվեց մի քանի պարային շարժումների ճիշտ կատարման եղանակները:




