Հոկտեմբերի 22-ին կայացավ «Ազգային հարստություն» դասընթացաշարի չորրորդ փուլի հերթական հանդիպումը: Բանախոսն էր Արթուր Շահնազարյանը, ով խոսեց Կոմիտասի և նրա հավաքած ու գրառած հսկայական ժառանգության մասին:
Բանախոսը սկզբում ներկայացրեց տիրող վիճակը, երբ արդեն դասական հարմոնիան սպառել էր իրեն և ամբողջ աշխարհում փնտրում էին երաժշտության նոր միջոցներ, որից հետո անդրադարձավ Կոմիտասի կյանքին և գործունեությանը: Նա նշեց, որ վաղ տարիքում որբացած Սողոմոն Սողոմոնյանը 1881 թվականին Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնել է Սուրբ Էջմիածին և սկսել ուսանել Գևորգյան ճեմարանում։
Կոմիտասը ամառն անցկացնում էր Հայաստանի տարբեր գյուղերում և գյուղացիների աշխատանքի ընթացքում գրառում էր նրանց կատարած երգերը, քանի որ գյուղացին գործողությունից դուրս երգ չի տեսնում. նա միայն աշխատանքի պահին կարող է այդ մասին երգել: Օրինակ հացը մինչև պատրաստ լինելը անցնում է 7 փուլ, բայց այդ երգերը երգում են միայն տվյալ պահին:
Կոմիտաս Վարդապետը գրառել է մի քանի հազար երգեր, որոնցից պահպանվել են մոտ 1500, իսկ կատարվել են մոտ 250 երգ: Մնացած երգերը անծանոթ են լայն հասարակությանը: Նա նաև կազմել է երաժշտական բառարաններ:
Բանախոսը նշեց, որ Կոմիտասը ներդաշնակություն էր փնտրում, որը պետք էր հանել բնությունից, ժողովրդից և անգամ հոգեբույժն ասել է, որ Վարդապետն իրեն համարել է բնության առեղծվածներից մեկը:
Արթուր Շահնազարյանը նաև կատարեց մի քանի երգ, որոնք դասընթացի մասնակիցները մեծ ոգևորությամբ և հաճույքով լսեցին:




